Կառավարությունը հավանություն տվեց «Սպայկա» և «Արմսանպրոդակտ» ՍՊԸ-ների կողմից ներկայացված Նորագավիթ թաղամասին հարող տարածքում 110 հա կիսափակ ջերմոցային համալիրի և բորբոսով պանրի գործարանի կառուցման ներդրումային ծրագրերին: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշեց, որ ընկերությունների խնդրանքով այդ ծրագրի իրականացման համար անհատույց սեփականության իրավունքով Նորագավիթ թաղամասին հարող տարածքում առկա համայնքային սեփականություն հանդիսացող մոտ 163.2 հա հողամասը կօտարվի:
«Նախատեսվում է ավելի քան 200 մլն դոլարին համարժեք դրամի ներդրում, որի հաշվին մինչև 2020 թվականը ամայացած 110 հա հողամասի վրա կկառուցվի կիսափակ ջերմատնային տնտեսություն և տարեկան 1000 տ արտադրողականությամբ բորբոսով պանրի գործարան, որը հնարավորություն կտա ստեղծել ավելի քան 1300 մշտական աշխատատեղ, կընդլայնվի արտադրությունը, որը կնպաստի միջազգային շուկա արտահանման ծավալների ավելացմանը»,- ասաց Մարգարյանը: