«Ծովակալ Էսսեն», «Ծովակալ Գրիգորովիչ» ֆրեգատները և «Կրասնոդար» սուզանավը թևավոր հրթիռներով ԴԱԻՇ խմբավորման ահաբեկիչների խոշոր զինապահեստներ են ոչնչացրել Սիրիայում: Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«Միջերկրական ծովի ջրատարածքի արևելյան մասից «Ծովակալ Էսսեն», «Ծովակալ Գրիգորովիչ» ֆրեգատներով և «Կրասնոդար» սուզանավով Ռուսաստանի ռազմածովային նավատորմը վեց «Կալիբր» թևավոր հրթիռ է արձակել Սիրիայում ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման օբյեկտների վրա»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ հրթիռահարվածի արդյունքում ԴԱԻՇ-ի կառավարման կետեր, ինչպես նաև զենքի ու զինամթերքի խոշոր պահեստներ են ոչնչացվել Համայի նահանգի Ակերբատ բնակավայրի շրջանում:
ՌԴ պաշտապանության նախարարությունում ընդգծել են, որ «Կրասնոդար» սուզանավը հրթիռներն արձակել է ստորջրյա դիրքից: «ԴԱԻՇ-ի ողջ մնացած զինյալներն ու օբյեկտների մնացորդները ոչնչացվել են Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ռմբակոծիչների հարվածներով»,- հավելել են գերատեսչությունում: