Սերժ Սարգսյանը հունիսի 22-ին Բրյուսելում մասնակցել է ԵԺԿ ընդլայնված գագաթնաժողովին, որին ներկա են եղել նաև Եվրոպայի խորհրդի ու Եվրահանձնաժողովի նախագահները: Սարգսյանի՝ Բրյուսել այցի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունը բավականին սուղ է, իսկ գագաթնաժողովում Սարգսյանի ելույթի վերաբերյալ՝ ընդամենը ընդհանուր նկարագրություն:
Ինչով է պայմանավորված այս սղությունը՝ դժվար է ասել, բայց դա հետաքրքիր է այն սկանդալի ֆոնին, որ Հայաստանում ծագեց իշխանության ու ԵՄ դեսպանի միջև, Սարգսյանի այցից ընդամենը մի քանի օր առաջ: Այդ սկանդալը առիթ տվեց շատերին ենթադրելու, որ Երևանի ու Բրյուսելի միջև առաջանում է որոշակի սառնություն, ու Հայաստանի իշխանությունը պատրվակ է փնտրում ԵՄ հետ աշնանը սպասվելիք համաձայնագրի ստորագրումից հրաժարվելու համար՝ միգուցե Ռուսաստանի պահանջով:
Սերժ Սարգսյանի այցը Բրյուսել ԵԺԿ գագաթնաժողովին մի կողմից՝ հույս էր ներշնչում, որ գուցե թե Երևանը չի փորձում սրել հարցը և նախագահի մակարդակով ներկայությամբ փորձում է հերքել այդօրինակ մտահոգությունները, մյուս կողմից, սակայն, գագաթնաժողովից թե՛ տեղեկատվական, թե՛ լուսանկարչական սղությունը, որ կա նախագահական պաշտոնական կայքում, կարծես թե յուղ է լցնում ԵՄ-ի հետ համաձայնագրի ճակատագրի շուրջ մտահոգությունների վրա:
Կասկածից վեր է, որ Բրյուսել այցի շրջանակում կուլիսներում շոշափելու էր թե՛ ծագած սկանդալը, թե՛ համաձայնագրի ճակատագրի հարցը: Գագաթնաժողովն առիթ էր, որպեսզի Սերժ Սարգսյանը ցրեր մտահոգությունները՝ հավաստիացնելով, որ Հայաստանը հաստատակամ է ստորագրել համաձայնագիրը: Սակայն հենց այս մասով է ուշագրավ, որ Սերժ Սարգսյանի ելույթի մասին ընդհանուր նկարագրության մեջ, ի թիվս թեմաների, որ նա շոշափել է իր ելույթում, բացակայում է Հայասան-ԵՄ համաձայնագրի սպասվելիք ստորագրմանն անդրադարձը: Մինչդեռ Սերժ Սարգսյանը չէր կարող չիմանալ, որ առաջացել են դրա վերաբերյալ հրատապ կասկածներ, և Հայաստան-ԵՄ սկանդալը լավագույնս հարթելու և աղմուկը, այսպես ասած, անհաջող պատմության մի դրվագի կարգավիճակով արխիվ ուղարկելու լավագույն հնարավորությունը կլիներ պարզապես թեկուզ խորհրդանշական հայտարարությունը ստորագրվելիք համաձայնագրի վերաբերյալ:
«Նախագահ Սերժ Սարգսյանը գագաթնաժողովում հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններին, արձանագրված առաջընթացին, Հայաստան-Եվրամիություն համագործակցության օրակարգին, ինչպես նաև Հարավային Կովկասի տարածաշրջանի կայունության և անվտանգության ապահովման խնդիրներին»,- Սերժ Սարգսյանի ելույթի մասին ասված է նախագահական հաղորդագրության մեջ:
Առաջին հայացքից թվում է, որ Հայաստան-ԵՄ գործակցության օրակարգին անդրադարձը կարող էր ենթադրել նաև անդրադարձ համաձայնագրին, բայց մյուս կողմից՝ նախ համաձայնագիրը կոնկրետ թերևս ամենաաանցքային կետն է ներկայումս այդ օրակարգում, և ըստ այդմ՝ դա իր կարևորությամբ թերևս արժանի է օրակարգում չլղոզվելուն և առանձին ընդգծվելուն, և հետևաբար այդ առանձին շեշտադրման բացակայությունը առնվազն տեղեկատվական դեմարշ է, որն իսկապես խորացնում է մտահոգությունը:
Մյուս կողմից՝ ակնհայտ է, որ Երևանի համար սկանդալային պատմությունը առիթ կամ միջոց էր Եվրամիության հետ, ասպես ասած, որ պայմանների քննարկման, և չի բացառվում, որ Բրյուսել այցն այդ առումով կա՛մ չի գոհացրել Սերժ Սարգսյանին, կա՛մ չի բերել որևէ հանգուցալուման, և նա էլ ըստ այդմ անորոշ է թողել համաձայնագրի հարցն առնվազն հապարակային տեղեկատական տիրույթում, ինչպես անորոշ է թողնում իր հնարավոր վարչապետության վերաբերյալ հարցը:
Կասկած չկա, որ Հայաստան-ԵՄ օրակարգում Սերժ Սարգսյանի համար այդ հարցն է գերական կամ ելակետայինը, որին ենթարկվում են մնացած հարցերը: