ԵԱՀԿ-ի՝ դեկտեմբերի 1-2-ը Աստանայում կայանալիք գագաթնաժողովին կմասնակցեն երկրների ու կազմակերպությունների 40-ից ավելի ղեկավարներ, այդ թվում՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, Եվրամիության նախագահը: Այս մասին այսօր Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում հայտնել է ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Մարկ Պերրեն դե Բրիշամբոն: «Այսօրվա դրությամբ երկրների 40 ղեկավարներ հաստատել են իրենց մասնակցությունը գագաթնաժողովին… Ստույգ հայտնի է, որ Աստանա կժամանեն Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը և Եվրամիության նախագահը»,- նշել է նա: Պատասխանելով այն հարցին, թե ԱՄՆ-ն ինչպես է ներկայացված լինելու առաջիկա գագաթնաժողովում, Բրիշամբոն նշել է. «Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը մտադիր է մասնակցել այդ գագաթնաժողովին»: Գլխավոր քարտուղարը հիշեցրել է, որ Աստանայի առաջիկա հանդիպումը կդառնա առաջինը վերջին տասնմեկ տարվա ընթացքում: