Ադրբեջանում Բաքվի դատարանը 7 տարի ազատազրկման է դատապարտել լրագրող Ֆիքրեթ Ֆարմազօղլուին: Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Դատավճռով ազատվելուց հետո ևս 2 տարի լրագրողին արգելվել է զբաղվել լրագրությամբ: Ֆարմազօղլուի փաստաբանը համաձայն չէ դատարանի կայացրած վճռի հետ և նպատակ ունի բողոքարկել այն:
Ֆարմազօղլուն ձերբակալվել էր Ադրբեջանի ներքին գործերի նախարարության կողմից 2016թ. հունիսի 30-ին: Ոստիկանության տարածած տեղեկությունների համաձայն՝ լրագրողը մեղադրվել էր կաշառք վերցնելու մեջ: Ֆարմազօղլուն հայտնի էր իր հակաիշխանական և ընդդիմադիր գործունեությամբ: