Համաշխարհային բանկն Աֆղանստանի իշխանություններին 520 մլն դոլարի չափով դրամաշնորհ է տրամադրել, որը կուղղվի աղքատության դեմ պայքարին։ Այս մասին ասվում է կազմակերպության մամլո հաղորդագրությունում։
Ինչպես նշվում է հայտարարությունում՝ տրամադրված միջոցները կօգնեն երկրի իշխանություններին հաղթահարել փախստականներին առնչվող խնդիրները, թույլ կտան ընդլայնել բնակչության աղքատ շերտերի համար մասնավոր ոլորտի հնարավոությունները, կնպաստեն էլեկտրաֆիկացմանը, սննդամթերքի անվտանգության մակարդակի բարձրացմանն ու գյուղական ճանապարհների շինարարությանը։
ՀԲ որոշումն ուղղված է անորոշության շրջանում Աֆղանստանի կառավարության ջանքերի աջակցմանը, երբ ռիսկերը տնտեսության համար զգալի են։
Կազմակերպությունում փաստել են, որ միջազգային ուժերի դուրսբերումը, որը սկսվել էր 2011 թվականին, քաղաքական անորոշության հետ տարել է տնտեսական աճի դանդաղման։