2017 թվականի ապրիլի 2-ից մինչև հունիսի 11-ը Սևանա լճի մակարդակը բարձրացել է շուրջ 38 սանտիմետրով:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, 2017 թվականի հունիսի 11-ի դրությամբ Սևանա լիճը ծովի մակերևույթից գտնվել է 1900 մետր 91 սանտիմետր բարձրության վրա, ինչը 18 սանտիմետրով բարձր է նախորդ տարվա նույն օրվա և 38 սանտիմետրով բարձր՝ այս տարվա ապրիլի 2-ին գրանցված նիշից:
Այս տարվա մայիսի 11-ից մինչև հունիսի 11-ն ընկած ժամանակահատվածում լճի մակարդակը բարձրացել է 15 սանտիմետրով: Նույն աղբյուրի համաձայն՝ այս տարի Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել 72 միլիոն 287 հազար խորանարդ մետր ջուր, իսկ ոռոգման նպատակներով լճից բաց է թողնվել 40 միլիոն 41 հազար խորանարդ մետր ջուր:
Սևանի մակարդակն արդեն 9 սանտիմետրով է պակաս մնում 1901 մետր բարձրությունից: Սևանա լիճ թափվող գետերում բնական փոփոխություններ չեն սպասվում. դրանց հիմնական մասում վարարումների շրջանն արդեն ավարտվել է: