Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ, աշխատանքային այցով Թուրքմենստան այցելած Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ ունեցած հանդիպումից հետո հայտարարել է, որ թուրք գործարար շրջանակները հետաքրքրված են գազի առաքումների դիվերսիֆիկացմանն առնչվող Աշխաբադի քաղաքականությամբ.
«Թուրքմենական տնտեսության զարգացման բարձր տեմպերը և գազի առաքումների դիվերսիֆիկացման հարցում վարած քաղաքականությունը հետաքրքրում են ոչ միայն Թուրքիայի գործարար շրջանակներին, այլև առաջատար տնտեսություն ունեցող երկրներին, որոնք ցանկանում են ամրապնդվել արագ զարգացող ու հեռանկարային թուրքմենական շուկայում»։
Բերդիմուհամեդովն իր հերթին հայտարարել է, որ Թուրքմենստանը դիտարկում է դեպի համաշխարհային շուկաներ թուրքմենական էներգառեսուրսների առաքման բազմատեսակության հարցը։
Երկու երկրները շահագրգռված են թուրքմենական գազի՝ դեպի Եվրոպա առաքմամբ։ Այդ պլանում դիտարկվում է Կասպից ծոցի հատակով գազամուղի անցկացումը, որը (Ադրբեջանում) միանալու է Nabucco գազատարին։ Հեռանկարում չի բացառվում նաև իրանական տարբերակը։
Հիշեցնենք, որ բնական գազի պաշաներով Թուրքմենստանն աշխարհում զբաղեցնում է 4-րդ տեղը՝ զիջելով միայն Ռուսաստանին, Իրանին և Քաթարին։ Միայն նրա խոշորագույն գազային հանքավայրի պաշարները կազմում են 21-22 տրիլիոն խորանարդ մետր։
Չպետք է մոռանալ, որ ներկայումս Ադրբեջանը դադար է վերցրել Nabucco գազատարի նախագծին միանալու հարցում, որի մասին պայմանագիրը ստորագրվելու է հունիսի 6-ին Թուրքիայի Կայսերի քաղաքում։