«Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» (PINK Armenia) ՀԿ նախագահ Մամիկոն Հովսեփյանի կարծիքով՝ Հայաստանում քաղաքացիական դաշտը գնալով նեղանում է, և սա միայն Հայաստանի խնդիրը չէ, պարզապես Հայաստանում շատ ավելի ակնհայտ է. «ՀԿ-ների նկատմամբ վստահությունը արդեն քիչ է, և փորձում են կողքից այդ ոլորտը նեղացնել տարբեր ուժեր, հասարակությանը ճնշումներով փորձում են ցույց տալ, թե սրանք ազգի թշնամին են, փորձում են երկիրը տապալել»,- ասաց Մամիկոն Հովսեփյանը «Իրավապաշտպանները մեդիայի ֆոկուսում. թիրախո՞ւմ, թե՞ լուսանցքում» կլոր սեղան-քննարկմանը:
Իշխանության կողմից ստեղծված ՀԿ-ները, ըստ նրա, գնալով ավելի հարստանում են, զարգանում՝ իրական դաշտը նեղացնելով, իսկ ՀԿ-ները, փոխանակ իրենցից խլած տարածքները հետ վերցնեն, սկսում են մրցել:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի դիտարկմամբ՝ իրավապաշտպանական գործունեության տեսակետից խնդիրները չեն կարող դասակարգվել ըստ առաջնահերթության, թեմաների մեջ չի կարող լինել խտրականություն. «ՀԿ-ները, իրավապաշտպանները պետք է կարողանան հանրային իրազեկման ռազմավարություն զարգացնել, իսկ դրա համար մասնագետները շատ քիչ են: Խնդիրը այն է, որ ՀԿ-ները պետք է կարողանան իրենց գործունեության կարևորագույնը ներկայացնել և մատչելի ներկայացնել»,- ասաց Արթուր Սաքունցը: