Այս իշխանությունը հանրային շահի գիտակցման տեսանկյունից որևէ քայլ անելու ունակ չէ: Այս մասին մեզ հետ զրույցում նշել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով Հայաստանի իշխանությունների կողմից ծխելու դեմ պայքարին:
Նրա խոսքով՝ առնվազն պետք է միամիտ լինել կամ ընդհանրապես Հայաստանի հետ կապ չունենալ, որպեսզի նման վարկածը հնարավոր համարել, որ ՀՀ իշխանությունները կարող են որևէ առաջարկություն ներկայացնել հանրային շահի անհրաժեշտությունից կամ դրա գիտակցումից ելնելով:
«Գուցե մեկ գործոնով դա պայմանավորած լինեն, որովհետև բյուջեի ֆինանսական միջոցները, ըստ էության, չեն կարողանում ապահովել: Երևի մտածել են՝ սա այն տարբերակներից մեկն է, որով գուցե բյուջեն լցնեն, որովհետև գների բարձրացման դեպքում կավելանան հարկերը: Բայց սա նշանակում է ապրանքների թանկացում: Ես հստակ ասում եմ, որ սպառողական ապրանքների գները, նաև այլ ապրանքների գները բարձրանալու են, ծառայությունները թանկանալու են:
Փոխանակ մենաշնորհների դեմ պայքարեն, տնտեսական մրցակցության խնդիրը լուծեն, սեփականության անձեռնմխելիության խնդիրը լուծեն, ըստ էության, նաև ներդումների միջավայրը բարելավեն՝ գնում են թանկացման ճանապարհով, ինչը կոլապսի է հանգեցնելու»,- հայտարարեց Սաքունցը: