Հայաստանը կարող է զարգանալ միայն եվրոպական մոդելով. Հայաստանը տնտեսապես, իրավական, քաղաքական առումներով կարող է զարգանալ Եվրամիության հետ համագործակցության արդյունքում: Այս մասին Երևանում կազմակերպված «ԵՄ-Հայաստան հարաբերությունները և հեռանկարները» թեմայով քննարկմանն ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանը ժամանակին ուներ այլընտրանք և կարող էր վավերացնել Եվրամիության հետ Ասոցիացման համաձայնագիրը և զարգացնել իր տնտեսությունը: «Սա հնարավորություն էր առևտրային հարաբերություններ հաստատել ԵՄ երկրների հետ՝ բարեփոխումների արդյունքում ստեղծելով մթնոլորտ, որ ներդրումներ բերվեին Հայաստան»,- նշեց պատգամավորը՝ հավելելով, որ Ասոցիացացման համաձայնագիրը Հայաստանին հնարավորություն կտար բաց համագործակցության, իսկ ԵԱՏՄ-ն թույլ չի տալիս ազատ համագործակցությունը:
Մարուքյանը հերքեց այն դիտարկումները, թե ԵԱՏՄ-ին Հայաստանը միացավ՝ անվտանգության նկատառումներից ելնելով. «Ակնհայտ է՝ ԵԱՏՄ-ն անվտանգային մարմին չէ, և Ադրբեջանին Ռուսաստանը ավելի շատ զենք վաճառվել է Հայաստանի՝ ԵԱՏՄ-ի անդամակցության ժամանակ, քան մինչ այդ»:
Պատգամավորը կարեւորեց ԵՄ-ի և Հայաստանի միջև նոյեմբերին ստորագրվելիք շրջանակային համաձայնագիրը, նա նշեց, որ այն շատ կարևոր է մեզ համար, քանի որ մենք չունենք թարմացված իրավական հենք մեր հարաբերությունները զարգացնելու համար: «Հիմա նոր փաստաթուղթ է պատրաստվել և բանակցությունների մեջ ենք, և շատ հույս ունեմ, որ կկարողանանք վավերացնել այդ փաստաթուղթը»,- ընդգծեց Մարուքյանը: -Կարծում եմ, որ Հայաստանի եվրոպական տեսլականն այլընտրանք չունի: Ես այլ այլընտրանք չեմ տեսնում»:
Մանրամասները՝ տեսանյութում: