ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը քննարկում է Ռուսաստանի հետ բանակցային գործընթացի վերագործարկման հարցը, որը կոչված է լուծելու Ուկրաինայի ճգնաժամը: Այս մասին հայտնել Է The Washington Post թերթը՝ վկայակոչելով «ամերիկացի պաշտոնատար անձանց և կողմնակի փորձագետների»:
Թերթի տվյալներով՝ այդ նախաձեռնությունը տնօրինում է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, որն իբր արդեն այդ հարցը քննարկել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ:
Բացի դրանից, պնդում է լրատվամիջոցը, ընթանում է նոր ռազմավարության մշակման «միջգերատեսչական գործընթաց», որին մասնակցում է նաև փոխնախագահ Մայքլ Փենսի աշխատակազմը:
The Washington Post-ը նաև նշում է, որ Թիլերսոնը մտադիր է Պետդեպարտամենտի հատուկ դեսպանորդ նշանակել սույն նախաձեռնության իրագործման համար: Ինչպես պնդում է թերթը, այդ մարդը, մասնավորապես, ուղղակիորեն բանակցություններ կվարի Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիսլավ Սուրկովի հետ: