Ամերիկացի զինվորականները ծրագրում են Խաղաղ օվկիանոսի արևմտյան մաս ուղարկել արդեն երրորդ ավիակիրը՝ Հյուսիսային Կորեային ստիպելու համար վերջ տալ հրթիռային և միջուկային ծրագրերի իրականացմանը: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայն» ռադիոկայանը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Հաղորդվում է, որ խոսքը Nimitz ատոմային ավիակիր ուղարկելու մասին է, որն աշխարհի ամենամեծ ռազմանավերից է: Ներկայումս այդ շրջանում արդեն երկու ավիակիր կա՝ Ronald Reagan-ը և Carl Vinson-ը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Պենտագոնն ուզում է դրանց մասնակցությամբ զորավարժություններ անցկացնել Կորեական թերակղզու շրջանում:
Ռադիոկայանը նշում է, որ մինչ այս ԱՄՆ-ը շատ հազվադեպ է այդպիսի դասի միանգամից 3 նավ ուղարկել մի շրջան, բայց «Հյուսիսային Կորեայի կողմից աճող միջուկային և հրթիռային սպառնալիքը դիտարկվում է որպես գլխավոր խնդիրներից մեկն անվտանգության ոլորտում նախագահ Դոնալդ Թրամփի համար»:
Մայիսի 21-ին Հյուսիսային Կորեան միջին հեռահարության հերթական հրթիռն է արձակել: Այն ընկել է Ճապոնական ծովը՝ անցնելով մոտ 500 կմ: