Հնդկաստանի Գուջարաթ նահանգում արձանագրվել է Զիկա վիրուսով վարակվելու 3 դեպք: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ):
ԱՀԿ-ի տվյալներով՝ մասնավորապես, վարակվածության 3 դեպքերից մեկը հաստատվել է հատուկ թեստի միջոցով:
Զիկա վիրուսն առաջացնում է բարձր ջերմություն, կոնյունկտիվիտ (շաղկապենաբորբ), գլխացավեր, հոդացավեր, բորբոքային գործընթացներ, առանձին դեպքերում՝ սրտխառնոց և փսխում, խանգարումներ և ցավեր ստամոքսում: Վիրուսի տարածողը Aedes aegypti մոծակն է:
Տեղեկություններ կան, որ հղիության ընթացքում վիրուսով վարակվելը երեխայի մոտ առաջացնում է միկրոցեֆալիա՝ բնածին արատ, որի հետևանքով գանգը զգալիորեն փոքր է լինում: Այն ուղեկցվում է մտավոր հետամնացությամբ, նևրոտիկ շեղումներով, լսողության ու տեսողության խանգարումներով: