Պորտուգալացի Քրիշտիանու Ռոնալդուն առաջին տեղն է զբաղեցրել 2017 թվականի աշխարհի ամենբարձր վարձատվող ֆուտբոլիստների ցուցակում, որը կազմել է Forbes հանդեսը։
Մադրիդի «Ռեալի» 32-ամյա հարձակվողն առաջին տեղում է 4-րդ տարին անընդմեջ։ Պարբերականի գնահատականով՝ 2016 թվականի հունիսի 1-ից 2017 թվականի մայիսի 31-ը խաղացողն աշխատել է 93 մլն դոլար, որից 58 միլիոնը որպես ակումբի աշխատավարձ և հավելավճար, իսկ մնացածը՝ եկամուտ գովազդային գործարքներից։
Երկրորդ տեղում է «Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի խաղացող Լիոնել Մեսսին։ Նրա եկամուտները մեկ տարում հասել են 80 մլն դոլարի։
Երրորդ տեղում է «Բարսելոնայի» ևս մեկ ֆուտբոլիստ՝ բրազիլացի Նեյմարը, ում եկամուտները կազմել են 37 մլն դոլար։ Չորրորդ և հինգերորդ հորիզոնականներում են «Ռեալի» և Ուելսի հավաքականի խաղացող Գարեթ Բեյլն ու «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող, շվեդ Զլատան Իբրահիմովիչը՝ համապատասխանաբար 34 և 32 մլն դոլար եկամտով։