Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է զեկույց Չեչնիայում միասեռականների հանդեպ կիրառվող ճնշումների և խոշտանգումների մասին:
Զեկույցի համաձայն՝ միասեռականների հանդեպ հետապնդումները սկսվել են 2017թ. փետրվարից և շարունակվել մինչև ապրիլ: Կազմակերպության տվյալներով՝ դրանք իրականացվել են Չեչնիայի պաշտոնատար անձանց հրամանով, իսկ LGBT համայնքի հետապնդումներում, ըստ ամենայնի, առանցքային դեր է խաղացել Չեչնիայի խորհրդարանի ղեկավար Դաուդովը:
HRW-ն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և երկրի կառավարությանը կոչ է անում դատապարտել միասեռականների հետապնդումները և իրականացնել բռնության մասին հաղորդումների մանրակրկիտ և անկողմնակալ հետաքննություն:
Զեկույցում նաև կոչ է արվում Եվրամիությանը, Կանադային, ԱՄՆ-ին և Ավստրալիային միջոցներ ձեռնարկել հետապնդումներից տուժածներին անվտանգ ապաստան տրամադրելու համար: