Բունդեսթագի մի խումբ պատգամավորներ չեղարկել են Թուրքիա ծրագրած այցը, քանի որ Անկարայի կողմից «արտակարգ ճնշում» է գործադրվել: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին հայտարարել է Բունդեսթագի փոխնախագահ Կլաուդիա Ռոթը:
Նրա փոխանցմամբ՝ թուրքական «բարձրագույն ատյաններից» պատգամավորներին հայտնել են, որ իրենց այցն «անժամանակ է»: Պատգամավորներին նաև հայտնել են, որ իրենց չեն կարող տրամադրել ուղեկցող թիկնապահներ:
«Սա, փաստորեն, համարժեք է քաղաքական երկխոսությունից հրաժարվելուն»,- փաստել է Ռոթը:
Հիշեցնենք, որ Գերմանիայի դաշնային խորհրդարանի նախագահի տեղակալ, Կանաչների կուսակցության պատգամավոր Կալուդիա Ռոթի ղեկավարությամբ պատգամավորների պատվիրակության այցը Թուրքիա վերջին պահին չեղյալ է համարվել: Թուրքիայում նրանք մտադիր էին հանդիպել իշխող ու ընդդիմադիր կուսակցությունների, քաղաքական գործիչների, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ու լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: