Անկարան չի հանդուրժի Եվրամիության երկակի քաղաքականությունը, որը չի պահում Թուրքիայի առաջ իր խոստումները՝ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության արտահերթ համագումարի ժամանակ ելույթ ունենալիս։ Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն։
Արտահերթ համագումար ժողովելու նպատակը եղել է Էրդողանին կուսակցության նախագահի պաշտոնում ընտրելը, ինչը թույլատրվում է սահմանադրական նոր ուղղմամբ։
«Մենք չենք հանդուրժի ԵՄ-ի երկակիությունը, որն անհարգալից վերաբերմունք է դրսևորում Թուրքիայի և նրա ժողովրդի հանդեպ։ Կամ ԵՄ-ն կկատարի իր խոստումները և հավանություն կտա Թուրքիայի հետ վիզային ռեժիմի ազատականացմանը, կուղարկի խոստացված միջոցները փախստականների աջակցմանն ու կվերացնի խոչընդոտները ԵՄ-ին մեր երկրի անդամակցության բանակցություններում, կամ յուրաքանչյուրը կգնա իր ճանապարհով»,-հայտարարել է Էրդողանը։