Հայաստանը 25 տարի առաջ էլեկտրաէներգիայի խնդիր ուներ, հիմա Հայաստանում էլեկտրաէներգիա է արտադրվում, փորձ է արվում ոլորտը զարգացնել. լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով այս դիտարկմանը, ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Միլսը նշեց. «Հայաստանը հպարտորեն կարող է նշել այս ոլորտում 25 տարիների ընթացքում անցած ճանապարհի մասին և այն մասին, թե ինչքան հեռուն է գնացել:
Վերջին 5 տարիներին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 20 տոկոսով, հայաստանյան շուկան ընդլայնվում է, և տարածաշրջանային նկատառումներ կարելի է քննության առնել:
ԱՄՆ դեսպանության գործունեության առաջնահերթ ուղղություններից մեկը առևտրի, ներդրումների, կոմերցիոն կապերի ամրապնդումն է երկու երկրների միջև, էլեկտրաէներգիայի ոլորտը, կարծում եմ, այն ոլորտն է, որի նկատմամբ հետաքրքրություն կարող է լինել ամերիկյան գործարարների կողմից, և դա երկուստեք շահավետ կլինի թե՛ տեղի, թե՛ ամերիկյան գործարարների համար»:
Նշենք, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը՝ ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և Կոնտուր Գլոբալ ընկերության հետ համատեղ կազմակերպել է մեկօրյա համաժողով, որի ընթացքում վերականգնվող էներգետիկայի մի քանի առաջատար ամերիկյան ընկերությունների ներկայացուցիչներ և շուրջ 70 հայկական ընկերություններ պետք է քննարկեն վերականգնվող էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավոր տարբերակները:
Մանրամասները՝ տեսանյութում: