Ադրբեջանում կարող են վերականգնել մահապատիժն առանձնակի ծանր հանցագործությունների համար: Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, այս մասին հայտարարել է ադրբեջանցի պատգամավոր Հուդրաթ Հասանգուլիևը:
Պատգամավորի խոսքով՝ չնայած Ադրբեջանը միացել է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին միջազգային կոնվենցիային, հարկավոր է հաշվի առնել, որ «երկիրը պատերազմական վիճակում է»:
Պատգամավորը խնդրել է դիտարկել այդ հարցը պրոֆիլային հանձնաժողովներում:
«Տերտերի շրջանում տեղի ունեցած վերջին դեպքերը ևս մեկ անգամ ցույց են տվել, որ մենք կարող ենք մահապատիժ սահմանել առանձնակի ծանր հանցագործությունների և պետության դեմ հանցագործությունների համար»,- ասել է Հասանգուլիևը:
Պատգամվորը նման հայտարարությամբ հանդես է եկել մի խումբ անձանց ձերբակալությունների ֆոնին, որոնք մեղադրվում են «Հայաստանի զինված ուժերի հետախուզական և հատուկ մարմիններին ռազմական գաղտնի տեղեկատվություն փոխանցելու համար»: