Իրանի նախագահական ընտրություններից առաջ պահպանողականների թեկնածու Էբրահիմ Ռաիսիի վարկանիշն ավելի բարձր է, քան գործող նախագահ Հասան Ռոհանիի վարկանիշը: Այս մասին հաղորդում է Fars գործակալությունը:
Գործակալության տվյալներով՝ այսօրվա դրությամբ ընտրություններին մտադիր է քվեարկել ընտրողների 71%-ը: Նրանցից 47.9%-ը, պատրաստ է քվեարկել Ռաիսիի օգտին, իսկ 44.8%-ը՝ Ռոհանիի:
Ուժերի նախընտրական դասավորությունը կտրուկ փոխվել է այն բանից հետո, երբ երկուշաբթի Թեհրանի քաղաքապետ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է նախագահական մրցապայքարից դուրս գալու և Ռաիսիին սատարելու մասին: Գործակալությունը միևնույն ժամանակ հաղորդում է, որ ոչ մի սոցհարցում չի կարող տալ ուժերի հավսարակշռության հստակ պատկերը:
Պետք է նաև հաշվի առնել, որ Ղալիբաֆի օրինակին կարող է հետևել Իրանի առաջին փոխնախագահը: Հավանական է, որ նա կհրաժարվի պայքարից հօգուտ Ռոհանիի: Նշենք, որ Իրանում նախագահական ընտրությունները կայանալու են մայիսի 19-ին: