Ռուսաստանը շահագրգռված չէ ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրմամբ, քանի որ դա կխարխլի տարածաշրջանի անվտանգությունը: Այս մասին «Ամերիկայի ձայն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը:
«Իհարկե, ԱՄՆ-ի և Ռուսաստանի ազգային շահերը տարբերվում են: Սակայն դա չի նշանակում, որ չենք կարող միասին խնդիրներ լուծել»,-ասել է Հոգլանդը:
Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները պետք է ակտիվ ներգրավվի հակամարտության կարգավորման գործընթացին: «Այժմ Վաշինգտոնի նոր վարչակազմը դեռ քննարկում է արտաքին քաղաքականության մոտեցումները: Եկեք սպասենք մի քիչ և տեսնենք՝ ինչ կլինի»,-նշել է նա:
Հոգլանդը միևնույն ժամանակ նշել է, որ արցախյան հակամարտության շփման գծում մարտական գործողությունների վերսկսկումն անհանգստացնում է բոլոր միջնորդներին:
Եկել է խնդրի իրական փոխզիջումային կարգավորման ժամանակը, որից կշահեն նաև հակամարտող կողմերը՝ ասել է նա:
«Վերջ ի վերջո, դա երկու կողմերի առաջնորդների պատասխանատվությունն է՝ լրջորեն զբաղվել իրական խաղաղ բանակցություններով: Երբ դա տեղի ունենա, տարածաշրջանի համար կբացվեն բոլոր տեսակի հնարավորություններ՝ կապի, բեռնափոխադրումների զարգացման, մեկուսացման նվազման, առավել ձեռնտու տնտեսական պայմանների համար: Այնպես որ, երկրները անմիջապես կզգան դրական հետանքներ»,-հավելել է Հոգլանդը:
Ամերիկացի համանախագահը միևնույն ժամանակ շեշտել է, որ պետք է կենտրոնանալ այնպիսի առաջարկների վրա, որը կբավարարի հակամարտող կողմերին: «Նման բարդ հակամարտություններում պետք է փորձել հասնել նրան, որ բոլորը գոհ մնան»,-ասել է Հոգլանդը: