«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ֆրանսիայի «Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Կայծ Մինասյանը։
– Պարոն Մինասյան, Էմանուել Մակրոնի հաղթանակը ի՞նչ կտա Հայաստանին, Արցախյան հիմնահարցի կարգավորմանը։ Հայկական կազմակերպությունները Ֆրանսիայում նրան սատարելու հայտարարությամբ հանդես եկան, ՀՀ նախագահը շնորհավորեց։ Կարծում եք՝ ֆրանս–հայկական հարաբերությունները փոփոխության կենթարկվե՞ն։
– Մակրոնի հաղթանակն, ըստ էության, ներկայացնում է ֆրանսիական քաղաքական կյանքում սերնդափոխություն։ Շատ լավ, տպավորիչ և քաջալերող գործընթաց է։ Մեկ քվեով Մակրոնը փաստորեն «ծերացնում է» Ֆրանսիայի քաղաքական ողջ կյանքը։ Հայաստանի քաղաքական կյանքը պետք է օրինակ վերցնի և շարունակի քաղաքական կյանքի սերնդափոխություն։ Ըստ էության, նման մի գործընթաց արդեն սկսվել է, որովհետև Վիգեն Սարգսյանը երիտասարդ է, արդարադատության այժմյան նախարարը երիտասարդ է, նույնիսկ Կարեն Կարապետյանը… բայց դա բավարար չէ։ Նոր գաղափարներ, նոր մոտեցումներ պետք է տեսնենք։ Սերժ Սարգսյանի սերունդը վերջացած է։ Պետք է թողնի իշխանությունը և քաղաքական ասպարեզից հեռանա, որպեսզի նոր Հայաստանը իր ոտքերի վրա ամուր կանգնի։ Չես կարողանա խոսել նոր Հայաստանի մասին, երբ դու արդեն ծեր ես։ Գալուստ Սահակյանը, Սերժ Սարգսյանը պետք է հեռանան կամաց-կամաց։ Չգիտեմ՝ ինչպես են դա անելու, բայց այսպես շարունակել այլևս անհնար է։
Երկրորդ՝ հայկական համայնքի մասին երբ խոսում ենք, պետք է նշել, որ Օլանդից մինչև Մակրոն շարունակական գործընթաց է տեղի ունենում։ Այն, ինչ արեց Օլանդը հայերի համար, կարծում եմ՝ Մակրոնը կշարունակի, և շատ բան կախված է ֆրանսահայ կազմակերպություններից։ Արդյոք ունե՞ն այդ պատասխանատվությունը, միջոցները, որպեսզի իրենց խոսքը լսելի լինի նոր իշխանությունների համար։ Էմանուել Մակրոնը խելացի է, ինչ որ տեղ նաև՝ մտավորական։ Նա լավ գիտի Հայաստանի և հայ ժողովրդի պատմությունն ու իրականությունը, և հիմա պետք է որ նոր գաղափարներ առաջ քաշվեն հայկական կազմակերպությունների կողմից։ Ունենալով նոր, երիտասարդ նախագահ՝ չես կարողանա հին գաղափարներով ներկայացնել քո շահերը։ Ֆրանսահայ կազմակերպություններն իրենց գործելաոճը, մտածելակերպը, պահանջները վերանորոգելու կարիք ունեն։
– Լինելով ոչ ստանդարտ գործիչ և Մինսկի խմբի համանախագահող երկրի նախագահ՝ Մակրոնը կարո՞ղ է ոչ ստանդարտ մոտեցումներ առաջ քաշել նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում։
– Կախված է նրանից, թե արդյոք Ղարաբաղյան հիմնահարցը կդառնա՞ Ֆրանսիայի դիվանագիտական առաջնահերթությունը, թե՞ ոչ։ Դա էլ իր հերթին կախված է երկու հանգամանքից։ Առաջինը՝ ֆրանսահայ կազմակերպությունները և Հայաստանը պետք է ամեն ինչ անեն, որ Ղարաբաղի հարցը լինի առաջնահերթություն՝ ավելի ուժեղացնեն ճանաչման գործընթացը։ Երկրորդ հանգամանքը ֆրանսիական դիվանագիտությունն է, այն, թե ինչպիսին կլինի այդ դիվանագիտությունը. ինչպիսի հարաբերություններ կունենան ֆրանսիացիները Ռուսաստանի, Թուրքիայի (Մակրոնն այսօր Էրդողանի հետ հեռախոսազրույց է ունեցել), Ադրբեջանի, Իրանի և այլ երկրների հետ։ Ուստի հույսը պետք է դնես քո շահերի, քո ինքնության վրա։ Եթե Հայաստանը աշխուժություն չցուցաբերի, դիվանագիտությունը կթուլանա։ Մեկ տարի է՝ Հայաստանը մի փոքր կոշտացրել է իր դիվանագիտությունը, և փաստ է, որ այդպիսով կարողացան չեզոքացնել Ադրբեջանի դիվանագիտությունը։ Այսօր Ադրբեջանի դիվանագիտությունը պարտություն է գրանցում և պարզապես «հինգշաբթիի» նման մեջտեղում է հայտնվել։ Մի կողմը պատ է՝ Ռուսաստան, գնալ Եվրոպա՝ պատ է, ԱՄՆ՝ պատ է։ Ուստի նախաձեռնությունները մնում է ուղղել միայն մուսուլմանական պետություններին։ Միայն մեկ հարցում շահեցին՝ այն, որ ԵԱՀԿ երևանյան գրասենյակը փակվեց։ Այդտեղ, իհարկե, խառն էր նաև Ռուսաստանի մատը։ Դա Ադրբեջանի դիվանագիտական փոքր, բայց կարևոր հաղթանակն էր։ Բայց Ռուսաստանն ամեն ինչ արեց, որ փակվի այդ գրասենյակը։ Ռուսաստանն ամեն ինչ անում, է, որ Հարավային Կովկասը չմիջազգայնանա։ Այսինքն՝ ՌԴ-ն չի ուզում, որ Հարավային Կովկասի պետությունները իրենց խնդիրները միջազգային հարթակ տեղափոխեն և իրենց ինքնիշխանությունն ուժեղացնեն, հակառակն է ուզում։
– Այո, ցանկանում է, որ այդ երկրները միայն Մոսկվայից կախված լինեն։
– Ճիշտ այդպես։ Բայց մի բան է մոռանում՝ մենք գլոբալիզացիա ենք ապրում։ Մակրոնի հաղթանակը Եվրոպայի հաղթանակն է, և Եվրոպան կարիք ունի, որ իր կողքի շրջանները, այդ թվում՝ Հարավային Կովկասը, Հյուսիսային Աֆրիկան և Արևելյան Եվրոպան, կայուն և հանգիստ լինեն։ Այդ հաղթանակով Մակրոնը ցույց է տալիս, որ Եվրոպան առաջ է գնալու։
– Ամփոփելով՝ կարո՞ղ ենք ասել, որ Հայաստանը Մակրոնին սատարելով ճիշտ վարվեց, և դա իր դրական ազդեցությունը կունենա նաև հետագայում։
– Անշուշտ, լավ է։ Բայց դյուրին էր, որովհետև հստակ էր, որ Մակրոնը պետք է հաղթեր։ Ես ասել եմ ձեզ և այլ լրագրողների, որ Մակրոնը հաղթելու է, բայց շատ բան չկար ասելու, հստակ էր։ Բայց լավ է, որ Հայաստանն ու հայկական կազմակերպություններն իրենց զորակցությունները հայտնեցին Մակրոնին։ Լավ է ասել, քան լռել։ Մյուս կողմից էլ՝ հեշտ է ասել, երբ մյուս կողմում Լե Պենն է։ Բայց դա բավարար չէ, դու պետք է քո ուժը ցույց տաս, որ ֆրանսիական դիվանագիտությունն էլ ընդունի այդ ուժը և հայանպաստ գործի։