Սիրիական Հալեպ քաղաքի իշխանությունները սկսել են խոշոր գործողությունների շարք «Ջիբրին» ճամբարից փախստականներին իրենց հայրենի գյուղեր վերադարձնելու համար: Գյուղերը վերջերս են ազատագրվել գրոհայիններից: Այս մասին տեղեկացնում է Interfax-ը:
Հալեպի փոխնահանգապետ Համիդ Քեննոյի խոսքով՝ Բաբիրի Ֆոքանի, Բաբիրի Թախտամի, Ռիբժին Ակրա և ևս մի քանի գյուղ բնակեցվելու են 12 հազար մարդով:
«Սիրիական բանակի հարձակման շնորհիվ ռուսական օդային ուժերի աջակցությամբ հաջողվել է ազատագրել գյուղերը ԴԱԻՇ-ի գրոհայիններից: Այժմ այնտեղ վերադառնում են առաջին բնակիչները, ովքեր երկար ամիսներ և տարիներ են անցկացրել փախստականների ճամբարում»,-ասել է նա:
Այս գյուղերի բնակիչներն ավանդաբար զբաղվել են հողագործությամբ, աճեցրել են մրգեր, ցորեն և այլն: Սիրիացի պաշտոնյաները վերադարձողներին խոստացել են աջակցել վերականգնել իրենց տնտեսությունը, որպեսզի նրանք շուտով կարողանան անցնել խաղաղ աշխատանքի: