Ամերիկյան Johnson & Johnson (J&J) ընկերությունը 110 մլն դոլարի չափով փոխհատուցում կվճարի Վիրջինիա նահանգի բնակչուհուն, ով քաղցկեղով է հիվանդացել տալկի պարունակությամբ ընկերության արտադրանքի օգտագործումից հետո։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Համապատասխան վճիռը մայիսի 4-ին կայացրել է ամերիկյան Սենթ-Լուիս քաղաքի դատարանը (Միսսուրի)։ Կնոջ հաստատմամբ՝ ինքն արտադրանքն օգտագործել է ամեն օր՝ 40 տարվա ընթացքում։ 2012 թվականին նրա մոտ ախտորոշվել է ձվարանների քաղցկեղ, որն այնուհետև տարածվել է լյարդի վրա։ Ներկայում կինը քիմիաթերապիայի կուրս է անցնում։
Ընկերությունը մտադիր է բողոքարկել դատավճիռը՝ պաշտպանելով մանկական ապրանքատեսակի անվտանգությունը։
Վճռով սահմանված փոխհատուցման գումարը ռեկորդային է դարձել փոխհատուցումների շարքում, որոնք պահանջվել են ընկերությունից Սենթ Լուիսի դատարան ներկայացված հազարավոր համանման հայցերով։