Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում հիմնական դերակատարում ունի երկու գործոն՝ ժամանակը և հակամարտող կողմերի տրամադրվածությունը: Ինչպես հաղորդում է APA գործակալությունը, այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ-ի խոսնակ Բահրամ Ղասեմին՝ անդրադառնալով վերջին ժամաանկներս արցախյան հակամարտությունում Ռուսաստանի ակտիվ դերակատարման մասին հարցին:
Նրա խոսքով՝ տարածքային հավակնություններ ունեցող հակամարտությունները չեն լուծվում մեկ գործոնով: «Հակամարտության կարգավորման հարցում շատ գործոններ են դեր խաղում: Վերջում դրանք բոլորը պետք է միավորվեն, որպեսզի հարցը գտնի իր լուծումը: Ուստի համարում եմ, որ կարծիքն այն մասին, որ այդ հակամարտությունը կարող է կարգավորվել մի մարդու կամ մի երկրի կողմից, ճիշտ չէ: Հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն բոլոր գործոնների համադրությամբ»,-ասել է նա:
Ղասեմին ընդգծել է, որ արցախյան հակամարտության կարգավորման հիմնական գործոններից մեկը ժողովուրդն է: «Այս հակամարտության կարգավորման հարցում որոշիչ կլինի ժողովրդի կամքը»,-հավելել է նա: