Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը բարձր է գնահատում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ աշխատանքային հարաբերությունները: Սակայն դա, նրա խոսքով` չի բացառում տարբեր հայացքների առկայությունը:
«Նախագահ Թրամփի հետ ես ունեմ լավ աշխատանքային հարաբերություններ, որոնք հաստատ չեն բացառում տարբեր տեսակետների առկայությունը»,- հայտարարել է կանցլերը շաբաթ օրը Redaktionsnetzwerk Deutschland պարբերականին տված հարցազրույցում:
Մերկելի խոսքով` երկկողմ շփումների ընթացքում երկու երկրների առաջնորդները փորձում են ընդհանուր մոտեցումներ մշակել Ուկրաինայի, Սիրիայի կամ Յեմենի հակամարտությունների լուծման, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարի հարցերում:
«Եթե մենք ցանկանում ենք լուծել այդ խնդիրները և օգնել մարդկանց, ապա մեզ անհրաժեշտ է ԱՄՆ-ի ակտիվ մասնակցությունը»,- նշել է կանցլերը:
Բացի այդ Մերկելը հերթական անգամ նշել է , որ ազատ առևտրի մասին պայմանավորվածությունների (TTIP) հարցով բանակցությունները, որոնք մտել են փակուղի, հնարավոր է կնորացվեն: