Կարգապահական վարույթներ են հարուցվել բոլոր այն փաստաբանների նկատմամբ, որոնք եղել են երեկվա միջադեպի մասնակիցը։
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը՝ հավելելով, որ երեկ տեղի ունեցած վիճաբանության մասնակից-փաստաբանները կենթարկվեն կարգապահական պատասխանատվության, եթե պարզվի, որ նրանք խախտել են փաստաբանական վարքականոնը: Արա Զոհրաբյանն ասաց, որ անձամբ մամուլում կարդացել է, թե սեռական բնույթի ինչ հայհոյանքներ է հղել Տիգրան Աթանեսյանը սոցիալական ցանցում՝ Սիմոն Բաբայանի հասցեին։ Մեր ճշտող հարցին, մամուլում այդպիսի հրապարակում է եղել, Զոհրաբյանը դրական պատասխան տվեց:
Պալատի նախագահն ասաց, որ դեռեւս չի կարողանում եղածը մարսել, փաստաբանների վարկանիշը տուժում է։ «Փաստաբանների վարկանիշը կարող է տուժել: Հասարակության տեսանկյունից՝ ստացվում է, որ փաստաբանները գլադիատորների նման իրենց հարցերն են կարգավորում»,- ասաց նա: Անդրադառնալով Տիգրան Աթանեսյանի այն մեղադրանքին, թե իր վրա հարձակում գործած փաստաբանները գործել են Արա Զոհրաբյանի հանձնարարականով, Պալատի նախագահն արձագանքեց: