Այն բանից հետո, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հրաժարվել է հանդիպել Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելի հետ, վերջինս չի պատասխանել Իսրայելի կառավարության ղեկավարի հեռախոսազանգին: Այս մասին հաղորդում է Spiegel Online-ը:
«Ես ցանկանում էի զանգահարել արտգործնախարար Գաբրիելին և մեկնաբանել իմ տեսակետը, սակայն նա չպատասխանեց զանգիս»,-հայտարարել է Նեթանյահուն:
«Իմ սկզբունքը պարզ է. ես չեմ հանդիպում արտասահմանցի դիվանագետների հետ, որոնք գալիս են Իսրայել և հանդիպում իրավապաշտպան կազմակերպությունների հետ, որոնք վիրավորում են մեր զինվորներին»,-հավելել է քաղաքական գործիչը:
Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին Նեթանյահուն չեղարկել է հանդիպումը Գաբրիելի հետ, որը այցով գտնվում էր տարածաշրջանում: Ինչպես գրել էր Bild պարբերականը, այս որոշումը դիվանագիտական սկանդալ էր հրահրել երկու երկրների միջև: