Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհղանը համարում է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը աստիճանաբար հեռանում է իր հայտարարությունից այն մասին, որ անհրաժեշտ է խզել Իրանի և միջազգային միջնորդների «վեցյակի» միջև կնքված միջուկային գործարքը, հայտնում է RIA Novosti-ն:
«Միջուկային համաձայնությունը դա միջազգային համաձայնություն է, ամրագրված ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևով: Եվ ոչ մի ամերիկացի փորձագետ չի արտահայտվել այդ միջուկային համաձայնության չեղարկման օգտին: Այդ պատճառով ես կարծում եմ, որ Թրամփը նախընտրական քարոզարշավի ժամանակ ընդունել է ինչ-որ քարոզչական դիրքորոշումներ, սակայն այժմ աստիճանաբար դրանցից հետ է կանգնում»,- հայտարարել է նախարարը լրագրողներին:
Նրա խոսքերով` «մենք նույնպես ասել ենք, որ եթե ամերիկացիները խախտեն միջուկային համաձայնությունը, ապա, ինչպես դա ամրագրված է և նախատեսված Գործողությունների համատեղ համապարփակ պլանում, մենք ոչ մի պատճառ չունենք հանձնառու լինելու այդ համաձայնությանը»: