Ադրբեջանը պատրաստ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով սուբստանտիվ բանակցությունների: Ինչպես հաղորդում է Trend գործակալությունը այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը՝ անդրադառնալով ապրիլի 28-ին Մոսկվայում Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների հետ նախատեսված հանդիպմանը:
«Հույս ունենք, որ Մոսկվայում նախատեսված հանդիպումը կդառնա կառուցողական բանակցությունների սկիզբ, որոնք անցկացվել են Սանկտ Պետերբուրգում նախագահների մակարդակով: Ժամանակն է խոսքերից անցնել գործողությունների: Ադրբեջանը պատրաստ է սուբստանտիվ բանակցությունների»,-ասել է Մամեդյարովը:
Անդրադառնալով 2016թ. Սանկտ Պետերբուրգում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը, որը կայացել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ, Մամեդյարովն ասել է, որ արցախյան հակամարտության կարգավորման հարցով հիմնարար քննարկումներ են եղել: Նրա խոսքով՝ այդ բանակցությունները նախատեսում էին ստատուս-քվոյի փոխոխություն: