«ՀՀ իշխանությունները, Արդարադատության նախարարությունը հետևողական ջանքեր են գործադրել դատապարտյալի փոխանցման խնդրի լուծման ուղղությամբ և ներկայում Հրաչյա Հարությունյանի՝ Հայաստան փոխանցելու հարցում ֆինանսական պարտավորությունների առկայության խոչընդոտը վերացված է», — փոխանցեց Վիգեն Քոչարյանը:
Փոխնախարարը նաև հիշեցրեց, որ Մոսկվայի Տրոիցկի շրջանային դատարանի 2014 թվականի օգոստոսին կայացված դատավճռով ճանաչվել էր քաղաքացիական հայցվորների հայցային պահանջներ ներկայացնելու իրավունքը: Վ. Քոչարյանի խոսքով՝ Հ. Հարությունանի դեմ ներկայացված ֆինանսական փոխհատուցման պահանջը չկատարելն արգելք էր հանդիսանում դատապարտյալի փոխանցման համար:
Հրաչյա Հարությունյանի տեղափոխման ժամկետների մասին ԱՆ փոխնախարարը վաղ համարեց խոսելը:
Հիշեցնենք՝ Հրաչյա Հարությունյանը, որն իր «Կամազ» մակնիշի մեքենայով 2013-ի հուլիսի 13-ին ՌԴ Պոդոլսկի շրջանի մերձակայքում բախվել էր մարդատար ավտոբուսին, ինչի հետևանքով զոհվել էր 18 մարդ, դատապարտվել էր 6 տարի ու 9 ամիս ազատազրկման:
Դատավճռի համաձայն, Հրաչյա Հարությունյանը մեղավոր է ճանաչվել երկու հոդվածով, այն է` ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ և կեղծ փաստաթղթի օգտագործումը: