Հայիթիի վարչապետ Ժակ Գի Լաֆոնտանի ավտոշարասյունը երկուշաբթի դարձել է մահվան ելքով վթարի մասնակից։ Մեքենաներից մեկը հարվածել է երկու դեռահասի։ Նրանցից մեկը հիվանդանոցի ճանապարհին մահացել է։ Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը։
Դեպքը տեղի է ունեցել երկրի հարավարևմտյան Լե-Կե քաղաքում։ Գործակալության հաղորդմամբ՝ դեռահասներն ընթանալիս են եղել մոտոցիկլետով։ Վիրավոր դեռահասին ուղղաթիռով տեղափոխել են երկրի մայրաքաղաք Պորտ-օ-Պրենս։
Թե ինչն է դարձել վթարի պատճառ, հայտնի չէ։ Չի բացառվում, որ կառավարական մեքենաներն ընթացել են արագության զգալի գերազանցմամբ։
Ճանապարհատրանսպորտային պատահարից հետո ավտոշարասյունը կանգ չի առել։ Դա առաջացրել է տեղի բնակիչների վրդովմունքը։ Ի նշան բողոքի՝ նրանք սկսել են անվադողեր այրել։
Վարչապետն ուղևորվում էր Հայիթիի հարավ-արևմուտք, որտեղ հանգստյան օրերին տեղացած հորդառատ անձրևների հետևանքով հեղեղվել են մի քանի շրջաններ։ Ջրհեղեղի զոհն է դարձել առնվազն 4 մարդ։