Աբխազիայի անվտանգությունն ամենահուսալի կերպով երաշխավորված է Ռուսաստանի հետ հարաբերություններով: Ինչպես հաղորդում է TASS գործակալությունը, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Աբխազիայի ղեկավար Ռաուլ Խաջիմբայի հետ հանդիպմանը:
«Եթե խոսենք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) մասին, իհարկե, մենք կողջունենք Աբխազիաայի համագործակցությունն այդ կառույցի հետ»,-ասել է Լավրովը՝ հիշեցնելով, որ ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ դառնալու համար անհրաժեշտ է անդամ երկրների կոնսենսուս:
Լավրովը նաև նշել է, որ Ռուսաստանը հույս ունի օպերատիվ կերպով Աբխազիայի հետ կնքել երկակի քաղաքացիության մասին պայմանագիր: Նախարարի խոսքով՝ դա թույլ կտա, որպեսզի հանրապետության քաղաքացիներն ավելի հեշտ ստանան ՌԴ քաղաքացիություն: Լավրովը նաև հիշեցրել է, որ Աբխազիայի քաղաքացիների ճնշող մեծամասնությունն արդեն իսկ ունի ՌԴ քաղաքացիություն:
Հիշեցնենք, որ պաշտոնական Թբիլիսին Լավրովի այցը Սուխում գնահատել է որպես ոտնձգություն Վրաստանի ինքնիշխանության դեմ: