Հայաստան այս տարվա առաջին եռամսյակում այցելել է 599 հազար 341 զբոսաշրջիկ, ինչը 18.2 տոկոսով ավելի է 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ: Լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանն ասաց, որ դեպի Հայաստան հիմնական հոսքն ապահովել է Իրանի շու կան` 17.7 տոկոս: «Երկրորդ տեղում Ռուսաստանն է` 7,5 տոկոսով, հաջորդ երկրները Չինաստանը, Գերմանիան և Ֆրանսիան են»,-ասաց Զեյթունցյանը:
Նրա խոսքով` Վրաստանը Հայաստանի համար ևս կարող է շատ հետաքրքիր շուկա լինել, սակայն այդ ուղղությամբ դեռ շատ անելիքներ կան: «Եթե մենք ուզում ենք Հայաստանն ավելի գրավիչ դարձնել վրացի զբոսաշրջիկի համար, պետք է կարողանանք մարքեթինգային հստակ քաղաքականություն վարել: Վրացի զբոսաշրջիկին Հայաստանում ավելի շատ կարող է հետաքրքրել միջոցառումային զբոսաշրջությունը»,-հավելեց Զեյթունցյանը: