ԱԺ-ում չլինելը ողբերգություն չէ, ամեն ինչ ունի իր սկիզբը և վերջը: «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը:
Այն, որ Փարպիում ընտրությունները ԿԸՀ-ն չեղյալ համարեց, ըստ Մկրտիչ Մինասյանի, վկայում է այն մասին, որ առանձին տեղերում ինչ-որ բան գուցե տեղի է ունեցել, բայց դա ընդհանուր արդյունքների վրա ազդեցություն չի կարող ունենալ. «Մենք ունենք նոր որակի ընտրություններ: Այս ընտրությունների արդյունքները վիճահարույց չէին: Ուրիշ խնդիր է, որ առանձին դեպքերում մարդիկ կարող է փորձել են ավելի կաթոլիկ լինել, քան Հռոմի պապը և արջի ծառայություններ մատուցել, բայց այդպիսի դրսևորումները քիչ էին»:
Անդրադառնալով 114 կրթօջախների տնօրենների ցուցակագրման մասին վկայող ձայնագրությունների հրապարակմանը, պատգամավորը տարակուսանք հայտնեց, նշելով, որ դրանք գուցե այսօրվա տեխնիկայի պայմաններում ստեղծված նյութեր են. «Ավելի լավ կլինի, նրանք, ովքեր կոչված են բացահայտելու, ուսումնասիրություն անեն, և դրա արդյունքում ամեն ինչ պարզ կլինի… Ձայն բազմաց, ձայն Աստծո»:
Մանրամասները՝ տեսանյութում: