Չինաստանիի կողմից մշակվող աշխարհի խոշորագույն երկկենցաղ ինքնաթիռ AG600-ը իր առաջին փորձնական թռիչքը կկատարի այս տարվա մայիսին։ Այս մասին հայտնում է Չինաստանի միջազգային ռադիոն։
Հաղորդվում է, որ առաջին թռիչքը կկատարվի ցամաքում, իսկ տարվա երկրորդ կեսին AG600-ը կփորձարկվի ջրային մակերևույթի վրա։
Չինական ավիաշինական կորպորացիայի կողմից ստեղծված հիդրոինքնաթիռը նախատեսված է քաղավիացիայի կարիքների, անտառային հրդեհների դեմ պայքարի և փրկարարական գործողությունների անցկացման համար։ Այն կարող է գործի դրվել նաև Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակի օդուժի կողմից՝ պարեկային գործողությունների անցկացման համար։
Ինքնաթիռի առավելագույն թռիչքային զանգվածը կազմում է 53.5 տոննա։ Այն կարող է զարգացնել 500 կմ/ժամ արագություն, թռիչքի առավելագույն տևողությունը 12 ժամ է։ Ինքնաթիռն ունի 36.9 մետր երկարություն։
Ինքնաթիռն ունի ուղևորատար և բեռնատար մոդիֆիկացիաներ։ Այն հանդիսանում է աշխարհի ամենամեծ հիդրոինքնաթիռը։