«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը։
-Պարոն Բադալյան, ընթանում է քարոզարշավի վերջին շաբաթը։ Խորհրդարանում մեծ թվով ձայներ հավաքելու երկու ֆավորիտ ուժերը համարվում են ՀՀԿ-ն և «Ծառուկյան» դաշինքը։ Ինչպե՞ս կգնահատեք ընդհանուր իրավիճակը, որ ուժերն ինչ հնարավորություն ունեն։
-Վստահ չենք կարող ասել, որ ՀՀԿ-ն այժմ ֆավորիտ է։ Իհարկե իրենց սոցիոլոգիական հարցումները կարող են դա ասել, բայց շատ հարցումների համաձայն էլ՝ ՀՀԿ-ն բավականին ցածր վարկանիշ ունի։ Ինչ վերաբերում է ընտրական ուժերի կողմից իրականացվող նախընտրական քարոզարշավին, ապա կարող ենք ասել, որ այդ ուժերն իրականացնում են այն բոլոր տեխնոլոգիաները, որոնց նրանք լավ տիրապետում են և դրանք բավականին աղքատիկ են: Այնուամենայնիվ, որոշակի միտումներ նկատվում են, մասնավորապես այն, որ արդեն հասկանալի է՝ ԱԺ անցնում են ՀՀԿ-ն և «Ծառուկյան» դաշինքը, այստեղ որևէ խնդիր չկա, հավանաբար ԱԺ չեն անցնում կոմունիստները և «Ազատ դեմոկրատները», նրանք բավականին թույլ վիճակում են գտնվում, մյուս ուժերի, ինչպես նշել էի, անցնելու հավանականությունը 50/50 տոկոս է:
«Ծառուկյան» դաշինքի վարկանիշը բավականին բարձր տոկոս է կազմում, թե որքան՝ կդժվարանամ ասել, բայց եղած ուժերի մեջ ամենաարդյունավետը նրա քարոզարշավը ստացվեց, ոչ թե ամենաճիշտը, այլ ամենաարդյունավետը: ՀՀԿ-ի համար արդյունավետ չէր, սխալ քարոզարշավ իրականացվեց ի սկզբանե, ՀՀԿ-ի քարոզարշավի կազմակերպիչները առաջնորդվեցին նախկին ժամանակների, ավանդական ձևով։ Այսինքն՝ փորձեցին քիչ քաղաքականացնել այս ընտրական կամպանիան, սակայն սխալվեցին, որովհետև վարչապետի գործոնը կար։ Չհաջողվեց մի քանի պատճառներով. այդ պատճառներից կարևորն այն է, որ վարչապետն այդպես էլ կառչած մնաց մենեջերի կերպարից և չկարողացավ որպես քաղաքական գործիչ ներկայանալ, ինչը ՀՀԿ-ի բացթողումն էր, երևի արդեն նկատել եք, վարչապետի ելույթները, փաստորեն, սկսվել են վերջին շրջանում արդեն կրկնվել: Ընդամենը թվեր են, ներդրումների մասին խոստումներ, որը էական ազդեցություն չունի ընտրական կամպանիայի ժամանակ, նրա՝ ընտրական կամպանիա վարելու այդ մեթոդաբանությունը այլևս արդյունք չի տալիս:
–Դուք ասացիք, որ հիմնական ֆավորիտը, ըստ Ձեզ, Ծառուկյանն է՝ քարոզարշավի միջոցով: Այսօր ՕՐՕ դաշինքը ասուլիս հրավիրեց ,և կարծես թե Վարդան Օսկանյանը ակնարկներ արեց «Ծառուկյան» դաշինքի հետ հետընտրական փուլում համագործակցության մասին: Կան ուժեր, որոնք չեն բացառում հետընտրական փուլում Ծառուկյանի հետ համագործակցությունը: Բայց այս ֆենոմենը, երբ նա հետ կանգնեց 2015թ. և հիմա էլ արմատական ընդդիմության շարքերից հանդես չի գալիս, քաղաքականության մեջ, ինչի՞ մասին է խոսում, որ հնարավորություն չեղա՞վ այս ընթացքում ձևավորել ռեալ այլընտրանք իշխանություններին, չէ որ Ծառուկյանը հիմա էլ Սերժ Սարգսյանի անունը լսելիս, թեման փոխում է, ասում է մի քաղաքականացրեք։
-Մի քանի հարցեր կան, որոնք տարածված սխալներ են։ Նախ, ընտրություններին չի մասնակցում իշխանությունը և ընդդիմությունը: Առնվազն պետք է ասենք իշխող ուժ, բայց այստեղ միայն մեկ իշխող ուժ չի մասնակցում ընտրությանը, որովհետև ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիան է իշխող ուժը, իսկ ընտրություններին ՀՀԿ-ՀՅԴ-ն որպես դաշինք չի մասնակցում, մասնակցում են առանձին՝ ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն, և չենք կարող ասել՝ իշխանություն կամ իշխող ուժ: Ընտրությունների ժամանակ բացարձակ նշանակություն չունի՝ ընդդիմություն են, թե ընդդիմություն չեն, «Ծառուկյան» դաշինքը մրցակցում է ոչ թե իշխող ուժի հետ, այլ ՀՀԿ-ի հետ, ՀՅԴ-ի հետ և մնացած ՀՀԿ-ին հարող ուժերի հետ, ինչպես նաև այլ ուժերն են իրար հետ մրցակցում։Կձևավորվի Ազգային ժողովը պարզ կլինի՝ ով կլինի իշխող ուժ, ով կձևավորի գործադիր իշխանությունը՝ կդառնա իշխող ուժ, ով ոչ՝ կհամարվի ընդդիմություն։ Հիմա, քարոզարշավի ժամանակ այդ հասկացությունների զրոյականացման գործընթաց էր գնում։
Երկրորդ ՝ինչ վերաբերում է դաշինքեր ձևավորելուն, ապա այդ մասին կարելի է խոսել միայն ապրիլի 3-ից հետո, երբ տեսնենք՝ ովքեր են անցնում Ազգային ժողով, որքան տոկոս են հավաքում։ Ըստ այդմ էլ տեսանելի կլինի, թե ով ում հետ կարող է դաշինք կնքել։ Բնականաբար, եթե «Ծառուկյան» դաշինքը միայնակ վերցնի 54 տոկոս և ավելին, ապա գործադիր իշխանությունը կձևավորի միայն այդ դաշինքը։ Իսկ եթե ոչ, ասենք՝ կկարողանա մյուս ուժերի հետ դա անել, ապա հնարավոր են դաշինքներ և արդյունքում կձևավորվի ոչ Հանրապետական կառավարություն։ Եթե ՕՐՕ-ն, «Ելքը», «Ծառուկյան» դաշինքը գան ընդհանուր հայտարարի, ապա կարող են բոլորով ձևավորել կառավարություն, բայց դա կերևա ապրիլի 3-ից հետո, երբ պարզ կլինի՝ ով որքան տոկոս կհավաքի։
–Բայց դա նորից չի՞ լինի իշխանության վերահսկողության տակ, չէ՞ որ Ծառուկյանը Սերժ Սարգսյանի դեմ ոչինչ չի խոսում, երբ նրան քննադատում են, ասում է՝ մի քաղաքականացրեք, և ընդհանրապես քաղաքականություն վերադառնալուց հետո ռադիկալ դեմ չի արտահայտվում իշխանություններին։
–Դա նորից կախված է ապրիլի երեքից, եթե պատկերացնենք մի պահ՝ ձևավորվում է դաշինք, ասենք՝ «Ելք», ՕՐՕ, «Ծառուկյան» դաշինք, ապա նրանք արդեն չեն կարողանա գտնվել ՀՀԿ-ի վերահսկողության տակ։ Եթե Հանրապետական կուսակցությունը չստանա մեծամասնություն և այլ ուժերի հետ չկարողանա կոալիցիա կազմել մեծամասնության համար, ապա ինքնըստինքյան դառնալու է ընդդիմություն և այն ուժը, որը կկարողանա կառավարություն ձևավորել, կլինի իշխանություն, այդ դեպքում դաշինքը չի լինի ՀՀԿ-ի, Սերժ Սարգսյանի վերահսկողության տակ։ Այսինքն՝ այդ մտավախությունը տեսականորեն հնարավոր չէ։ Երբ Ծառուկյանը դուրս եկավ ԲՀԿ ղեկավարի պաշտոնից, այդ ժամանակ ԲՀԿ-ն դարձել էր ՀՀԿ-ի մասնաճյուղ, բայց եթե ապրիլի երեքին նոր կառավարությունը չի կարողանում ՀՀԿ-ն ձևավորել, ապա այդ դեպքում ձեր հարցը տեսականորեն հնարավոր չէ։
-Հետընտրական փուլում ի՞նչ սցենարներ եք տեսնում․ կարծես դրա ջատագովը ՕՐՕ դաշինքն է։ Արդյո՞ք ունեն այդ պոտենցիալը։
-Դա նորից կախված է նրանից, թե ինչպիսի խորհրդարան կձևավորվի։ Եթե մի պահ պատկերացնենք, որ խորհրդարանում այնպիսի մարմին է ձևավորված, որ ՀՀԿ-ն ընդդիմադիր է լինում, ապա նման պայմաններում չեն լինի հետընտրական զարգացումներ, անգամ, եթե ՕՐՕ դաշինքը չանցնի, հասարակությունը չի գնա նրա հետևից։ Ասեմ ավելին, եթե նույնիսկ այդպես էլ չլինի ու ՀՀԿ-ն զանգվածային կեղծիքների միջոցով, ընտրակաշառքով ՝անգամ այդ պայմաններում հայ հասարակության լայն շրջանակներ չեն ընդվզի։