Грузия Online-ի փոխանցմամբ, Աֆղանստանում տեղի ունեցած պայթյունի արդյունքում զոհվել է վրաց զինծառայող Լավրոսի Իվանիաձեն։ Այս մասին հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարարությունը։
Կրտսեր սերժանտ Իվանիաձեն ծառայում էր Աֆղանստանում Միջազգային անվտանգության աջակցության ուժերի (ISAF) 33-րդ գումարտակում, որը տեղակայված է Հելմանդ նահանգում։ Իվանիաձեն զոհվել է պարեկության ժամանակ՝ պայթելով ականի վրա։
Նշվում է, որ Իվանիաձեն Վրաստանի զինված ուժերում ծառայում է 2005 թվականից սկսած։ 2007-2008 թվականներին նա խաղաղապահ առաքելությամբ գտնվել է Իրաքում։
Իվանիաձեն հանդիսանում է Աֆղանստանում առաքելություն զոհված 8-րդ վրաց խաղաղապահ զինծառայողը։
Հիշեցնենք, որ Վրաստանն Աֆղանստանում ISAF-ի գործողություններում ընդգրկվել է 2009 թվականին: Ներկա դրությամբ, Աֆղանստանում է գտնվում վրաց 950 խաղաղապահ:
Ի դեպ, վերջերս նույն աղբյուրը հայտնեց, որ Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի շտաբ-կայանում բացվելու է Աֆղանստանում գտնված վրաց խաղաղապահների լուսանկարչական ցուցահանդեսը, որում ընդգրկված է մոտ 80 լուսանկար: