Մարտի 26-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Զաքարիայ ծայրագոյն վարդապետ Բաղումեանին` ուղեկցութեամբ Մայր Աթոռի Արտաքին յարաբերութիւնների և արարողակարգի բաժնի տնօրէն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Յովհաննիսեանի: Վերջինիս ձեռամբ մարտի 19-ին, Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում Զաքարիայ վարդապետին տրուեցին ծայրագոյն վարդապետութեան 10 աստիճանները:
Ներկայացնելով Հայր Սուրբին` Սրբազան Հայրը մասնաւորապէս անդրադարձաւ ծայրագոյն վարդապետութեան աստիճանի համար ներկայացուած աշխատութեան կարևորութեանը, ապա հայցեց Վեհափառ Հայրապետի օրհնութիւնը:
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուրախութեամբ արձանագրեց, որ Հայ Եկեղեցին այսօր զօրանում է մտաւորական հոգևորականների նոր սերնդով, որոնք հայոց նշանաւոր րաբունապետերի և հայրերի նմանողութեամբ շարունակում են տարածել Աստծու խօսքը` նախանձախնդիր լինելով ուղղափառ դաւանանքի պահպանութեանը:
Վեհափառ Հայրապետը շնորհաւորեց Զաքարիայ ծայրագոյն վարդապետին` յորդորելով նրան առաւել ջանասիրութեամբ և նուիրումով ծառայել Հայ Եկեղեցուն և ժողովրդին:
Նորին Սրբութիւնն այս առիթով Հայր Զաքարիայի կուրծքը զարդարեց նաև ծայրագոյն վարդապետական ականակուռ լանջախաչով: