Ղարաբաղի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի փաստաբանը հերքում է նրա մանսակցությունը ««Իգլա»-ի արձակման խողովակի եւ «9М39» տեսակի հրթիռի ապօրինի շրջանառությանը ու մենք հավատում ենք նրա խոսքին։ Այս մասին մարտի 26-ին Երևանի Նոր Նորք վարչական շրջանում իր նախընտրական քարոզչության ընթացքում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է Հայաստանի նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, մեկնաբանելով Գլխավոր դատախազության տարածած հայտարարությունը։
Սեյրան Օհանյանի կարծիքով՝ Սամվել Բաբայանի կալանավորման մեջ կարելի է տեսնել քաղաքական ենթատեքստ, քանի որ դա տեղի է ունեցել նախընտրական քարոզչության ամենաթեժ պահին։
«Առանց որեւէ փաստերի ու ապացույցների Ազգային անվտանգության ծառայությունը կալանավորել է մեր համախոհին ու մարտական ընկերոջը, ու մեզ համար դա անընդունելի է։ Ես չեմ կարծում, թե Սամվել Բաբայանը զբաղվեր նման մանրուքներով»,- նշեց Սեյրան Օհանյանը։