Եվրամիությունը Ռուսաստանի իշխանություններին կոչ է արել անհապաղ ազատ արձակել չարտոնված բողոքի ցույցերի ձերբակալված մասնակիցներին: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն:
«Մենք ռուսական իշխանություններին կոչ ենք անում հանձնառու լինել ստանձնած միջազգային պարտավորվածություններին, այդ թվում՝ Եվրոպայի Խորհրդի և ԵԱՀԿ-ի շրջանակներում, հարգել այդ իրավունքները, ինչպես նաև առանց հապաղելու ազատ արձակել խաղաղ ցույցերի մասնակիցներին, որոնք ձերբակալվել են»,-ասվում է հայտարարության մեջ, որը հրապարակվել է Եվրոպայի արտաքին քաղաքականության կայքում:
Հայտարարության համաձայն՝ Ռուսաստանի ոստիկանության գործողությունները խոչընդոտել են հիմնարար իրավունքների իրականացմանը, որոնք ամրագրված են ՌԴ Սահմանադրությունում: Ավելի վաղ ցուցարարների ձերբակալության փաստը քննադատել էր նաև ԱՄՆ-ի Պետդեպը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի մի շարք շրջաններում մարտի 26-ին բողոքի ակցիաներ են տեղի ունեցել կոռուպցիայի դեմ, որոնց հետևանքով կան հարյուրավոր ձերբակալվծներ, նրանց թվում է նաև ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին: