Ռուսաստանը միջամտել է ԱՄՆ-ի ընտրական գործընթացներին անցած տարի և փորձում է նույն բանն անել Ֆրանսիայում և Գերմանիայում առաջիկայում կայանալիք ընտրությունների հանդեպ: Ինչպես հաղորդում է NBC հեռուստաալիքը, նման կարծիք է հայտնել ամերիկացի սենատոր Մարկ Ուորները:
Սենատորի խոսքով՝ իրեն նաև անհանգստացնում է այն փաստը, որ մի քանի անձինք, որոնք շատ սերտ կապված են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, «լայն կապեր են ունեցել Ռուսաստանի հետ»:
ԱՄՆ Սենատի հետախուզության հատուկ կոմիտեն, որում Ուորները զբաղեցնում է նախագահի տեղակալի պաշտոնը, հետաքննում է Ռուսաստանի կողմից ԱՄՆ-ի ընտրություններին միջամտելու հանգամանքը: Ուորները նաև նշել է, որ այս գործում «ավելի շատ ծուխ կա», քան ենթադրվում էր: Լրագրողի այն հարցին՝ արդյոք ծխի հետևում կրակ նշմարվում է, սենատորը պատասխանել է. «Ժամանակը ցույց կտա»:
«Մենք հստակ գիտենք, որ ռուսները միջամտել են ԱՄՆ-ի ընտրություններին և նույն բանն այժմ անում են Ֆրանսիայում և Գերմանիայում»,-հավելել է Ուորները: