Մինչև 17 տարեկանների Հայաստանի հավաքականը հերթական խայտառակ պարտությունը կրեց Անթալիայում ընթացող Եվրոպայի առաջնության Էլիտ-ռաունդում: Այս անգամ մեր ֆուտբոլիստները խոշոր 6:0 հաշվով զիջեցին Թուրքիայի հավաքականին: Կրկին անգամ մեր ֆուտբոլիստների կատարմամբ գրանվեց ինքնագոլ: Այն «հեղինակեց» Կարեն Հովհաննիսյանը:
Երկու օր առաջ մեր հավաքականը 10:1 հաշվով զիջել էր Գերմանիայի հավաքականին: Այս մրցավեճում 2 անգամ սեփական դարպասը գրավել էին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները:
Փաստորեն երկու խաղում Հայաստանի ընտրանին երեք անգամ գրավեց սեփական դարպասը: Թուրքիայի հետ հանդիպման ընթացքում մարզադաշտում շարունակ հնչում էր թուրքական մուղամը, ինչը մղձավանջային մթնոլորտ էր առաջացրել:
Դաշտի տերերը 80 րոպեների ընթացքում դուրս չէին գալիս Հայաստանի հավաքականի կիսադաշտից: Այս հանդիպումը նշանավորվեց նաև տգեղ մի միջադեպով:Թուրք ֆուտբոլիստ Մալիկ Քարահմեթը ակհայտ կերպով հարվածեց մեր հավաքականի ավագ Արսեն Եղիազարյանին:
Կողմերի միջև քաշքշուկ սկսվեց ինչի հետևանքով խաղը մոտ 5 րոպեով ընդհատվեց: Եղիազարյանի մոտ գլխի հատվածում արնահոսություն սկսվեց: Բուժօգնություն ստանալուց հետո ՀՀ հավաքականի ավագը վիրակապով վերադարձավ խաղադաշտ:
Երկու հանդիպումներում կրելով նույնքան պարտություն և բացթողնելով 16 գնդակ Հայաստանի հավաքականը զրկվեց հաջորդ փուլ դուրս գալու հնարավորությունից:
Անթալիայում Հայաստանի հավաքականը վերջին հանդիպումը կանցկացնի մարտի 28-ին մրցելով Ֆինլանդիայի հավաքականի հետ: