Այսօր՝ մարտի 24-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին անդրադարձել է ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի ձերբակալությանը ու դրա հնարավոր քաղաքական դրդապատճառներին․ «Բոլոր վեճերն ու տարաձայնությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով, դատարանում։ Եվ ես կարծում եմ՝ օրինապահ մարմինների լիազորությունների շրջանակում է ցանկացած գործողության կանխարգելումը, որը միտված էր հասարակական անդորրի և կարգի խաթարմանը։
Հետևաբար, այս բոլոր ընթացակարգերում հարկ է ապահովել թափանցիկության պատշաճ մակարդակ։ Օրինապահ մարմինները պետք է թափանցիկ գործեն, որպեսզի բացառվի դրանց քաղաքական բովանդակություն հաղորդելը, և քաղաքացիներն ու ընտրողները ևս մեկ անգամ վստահ լինեն օրենքի գերակայության մեջ։ Ես կարծում եմ, որ անցած շաբաթների ընթացքում մենք համոզվեցինք, որ հայ ժողովուրդը ունի խոր արդարադատության զգացում և կարողանում է հետևություններ անել, արդյոք դատաիրավական համակարգի այս կամ այն գործողությունը օրինաչափ է, թե ոչ։ Բայց առաջնայինն իհարկե բռնությունը և ցանկացակած տեսակի ահաբեկչական գործողությունը կանխելն է»։
Մանրամասները՝ տեսանյութում: