ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր գործողություններում հաճախ է ղեկավարվում բնազդներով։ Այս մասին նա ասել է Time-ի հետ հարցազրույցում։
Պարբերականի լրագրողը հետաքրքվել է Թրամփից, թե ինչու է նա հաճախ կտրուկ հայտարարություններ անում՝ չունենալով արժանահավատ ապացույցներ։ Մասնավորապես խոսքը եղել է 3 մլն մարդկանց մասին, ովքեր, ինչպես հաստատում է նախագահը, ընտրություններին քվեարկել են ապօրինաբար։ Թրամփը վստահ է, որ անօրինական քվեների թվի հաշվարկի համար ստեղծված հատուկ հանձնաժողովը կհայտնի ավելի մեծ թվի մասին։
«Ես շատ բնազդային մարդ եմ, սակայն իմ բնազդները ճշմարիտ են։ Երբ բոլորն ասում էին, որ ինձ չի հաջողվի հաղթել ընտրություններում, ես ասացի, որ կարող եմ»,-ասել է Թրամփը։
Նա նաև հիշեցրել է, որ կանխատեսել է Brexit-ի հարցով ելքը և անկարգությունները Շվեդիայում մինչ դրանց տեղի ունենալը։