ՄԱԿ-ում Հյուսիսային Կորեայի մշտական ներկայացուցիչ Չա Սոն Նամը նամակ է ուղարկել կազմակերպության ղեկավար Անտոնիու Գուտերեշին, որում նշել է, որ Կորեական թերակղզին գտնվում է պատերազմի շեմին։ Այս մասին փոխանցում է TASS գործակալությունը։
Ինչպես ընդգծել է հյուսիսկորեացի դիվանագետը, իրավիճակը սրվել է ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի լայնածավալ զորավարժությունների պատճառով։ Չա Սոն Նամի խոսքով՝ ՄԱԿ ԱԽ-ն «համառորեն հրաժարվում է արտակարգ հանդիպում անցկացնել այդ զորավարժությունների առնչությամբ։
«Նման մոտեցումը վկայում է ԱԽ-ի կանխակալ դիրքորոշման և երկակի ստանդարտների քաղաքականության մասին»,-ասվում է երկրի մշտական ներկայացուցչի նամակում։
Դիվանագետը հավելել է, որ Հյուսիսային Կորեան ընդունում է միջոցառումներ՝ ուղղված երկրի պաշտպանունակության ամրապնդմանը՝ դիմակայելու «ԱՄՆ-ի կողմից միջուկային սպառնալիքների և շանտաժի քաղաքականությանը»։