Օսմանյան կայսրությունը սերտ կապեր է ունեցել նացիստական ուժերի հետ, ինչի վկայությունն է նաև 1915թ. 1.5 միլիոն հայերի ցեղասպանությունը: Այս մասին գրում է The Independent բրիտանական թերթը՝ անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին հայտարարություններին, որոնցում նա Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին համեմատում է նացիստների հետ:
«Հիտլերի դիվանագետներից և Վերխմատի սպաներից ոմանք եղել են օսմանյան իշխանությունների խորհրդականները և փաստացիորեն դարձել են 1915թ. հայերի զանգվածային կոտորածների ականատեսը»,- գրում է պարբերականը:
The Independent-ը նաև հիշեցնում է Ադոլֆ Հիտլերի 1939թ. ելույթը, երբ Գերմանիայի ֆյուրերը հռետորական հարց է բարձրացրել այն մասին, «ով է այժմ հիշում Հայոց ցեղասպանության մասին»:
Ի տարբերություն թուրքական իշխանությունների և Էրդողանի, որը երբեք չի ընդունել Հայոց ցեղասպանությունը, Անգելա Մերկելը բազմիցս ցավակցություն է հայտնել հրեաների Հոլոքոստի կապակցությամբ և ներողություն է խնդրել:
Թուրքական իշխանությունները ձերբակալում են այն թուրքերին, որոնք հայերի կոտորածը ընդունում են որպես ցեղասպանություն: Նույնիսկ այսօր թուրքական Գազիանթեփի հայկական տաճարն օգտագործվում է որպես մզկիթ, այն դեպքում, երբ Մերկելը վերականգնել է է նացիստների կողմից 1938թ. ոչնչացված հրեական սինագոգները՝ փաստում է պարբերականը:
The Independent-ն անդրադառնում է նաև գրքին, որն այս ամառ լույս է տեսնելու Միացյալ Նահանգներում: Գիրքը հիմնված է իրական պատմության վրա և պատմում է հայ երիտասարդ սպայի մասին, որը ծառայել է թուրքական բանակում այն ժամանակ, երբ թուրք զինվորները կոտորել են հայ ժողովրդին, այդ թվում՝ նրա ընտանիքի անդամներին: