ԱՄՆ դաշնային դատարան հայց է ներկայացվել 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչության 850 զոհերի հարազատնրի և 1500 վիրավորների անունից: Ինչպես հաղորդում է BBC-ն, հայցը ներկայացվել է ընդդեմ Սաուդյան Արաբիայի:
Հայցը պահանջում է վնասի փոխհատուցում, սակայն փաստաբանները և հայցվորները գումարի հստակ չափը չեն նշում: Փաստաթղթում նշված են սաուդական մի քանի բարեգործական ընկերություններ, որոնց մասնակից են համարում «Ալ-Կաիդա»-ի գրոհայինների ճամբարները ֆինանսավորելու համար: Հայցվորները պնդում են, որ այդ կազմակերպությունները համագործակցել են ահաբեկչական խմբավորման առաջնորդ Օսամա բեն Լադենի հետ և օգնել են նոր խմբեր ստեղծել Պակիստանում և Աֆղանստանում:
Բացի այդ հայցում նշված են նաև սաուդացի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների անուններ, որոնք ահաբեկչությունից առաջ համագործակցել են ինքնաթիռներն առևանգած անձանց հետ: Այս գործում Սաուդյան Արաբիայի շահերը ներկայացնող փաստաբաններն առայժմ չեն արձագանքել նորությանը: