«Մենք եկել ենք, ձեզ ասել ենք եւ հիմա էլ ասում ենք, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ հույս ենք դնում ձեզ վրա եւ դուք՝ որպես ժողովուրդ, որպես հանրություն կարող եք հույս դնել մեզ վրա՝ Հայաստանը Սերժ Սարգսյանի ձեւավորած, Սերժ Սարգսյանի փորած հուսահատության փոսից հանելու գործում»,- Հրազդանում այսօր ընտրողների հետ հնդիպմանն ասաց «Ելք» դաշինքի պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանն ընդգծեց, որ ««Ելքը» պատրաստ է ստանձնել պետական իշխանությունը Հայաստանում եւ դրա համար անհրաժեշտ է ժողովրդի վստահության քվեն»: Նա վստահեցրեց, որ «Ելք» դաշինքը ունի թե՛ մարդկային, թե՛ ինտելեկտուալ, թե՛ ծրագրային ներուժ՝ Հայաստանի Հանրապետության պետական կառավարումը ստանձնելու եւ այդ պետական կառավարումը բարեհաջող իրականացնելու համար այնպես, որ Հայաստանը դուրս գա ճահճից:
«Մեզ ասում են՝ ո՞վ է ձեր վարչապետի թեկնածուն. մենք ասում ենք, որ մենք վարչապետի թեկնածուի պակաս չունենք, մեկի փոխարեն 3-ն ունենք, որին ուզում եք՝ ընտրեք»,- հայտարարեց Փաշինյանը:
Նա անդրադարձ կատարեց նաեւ այլ քաղաքական ուժերի կողմից դաշտ նետվող տեսակետներին, թե իրենք Սերժ Սարգսյանի հաճախորդներ են. «Մեզ անընդհատ ներքաշում են մի թեմայի մեջ… Էսօր հասկանալով, որ ժողովուրդը ի դեմս «Ելք» դաշինքի՝ տեսնում է միավորված ընդդիմությանը, սկսել են անհեթեթ հարցադրումներ անել. բանը հասել է այնտեղ, որ ասում են՝ բա Սերժ Սարգսյանը քեզ ինչո՞ւ չի սպանում: Ես էլ ասում եմ, բա ինչու ձեզ չի սպանում: Բա ես էլ հակառակ հարցն եմ տալիս, եթե դուք ընդդիմադիր եք՝ բա Սերժ Սարգսյանն ինչո՞ւ ձեզ չի սնանկացնում, ինչո՞ւ է հարստություն թողնում աշխատել, հեռուստաընկերություններ ունենաք, բիզնեսներ ունենաք եւ ծաղկեցնեք այդ բիզնեսները »,- հայտարարեց Փաշինյանը: